bird bird bird

«Քալամ» տիեզերաբանական փաստարկներ

 Համառոտ

Այս հոդվածը Դր․ Քրեյգի 2015 թվականի դասախոսությունն է Բիրմինգհեմի համալսարանում, որտեղ նա պաշտպանել է իր դոկտորանտուրական ատենախոսությունը, որի արդյուքնում էլ նա թարմ շունչ է հաղորդել «Քալամ» տիեզերաբանական փաստարկների գաղափարին։ 

Դեռևս երիտասարդ տարիքում ինձ ապշեցնում էր տիեզերքի գոյության փաստը։ Ինձ հետաքրքրում էր դրա ծագման հարցը։ Արդյո՞ք այն սկիզբ էր ունեցել։ Հիշում եմ, որ գիշերներն անկողնումս պառկած երևակայում էի, թե ինչ կար, երբ ոչինչ չկար տիեզերքում։ Յուրաքանչյուր իրադարձությանը նախորդում էր մեկ այլ իրադարձություն և այդպես շարունակ՝ դեպի անցյալ, որտեղ չէի կարողանում որոշել դադարի կետը, կամ, ավելի հստակ, սկզբնակետը։ Հնարավո՞ր էր արդյոք, որ լիներ անվերջ անցյալ՝ առանց սկզբի։ Այդ միտքն ինձ հանիգստ չէր տալիս, քանի որ այդքան էլ համոզիչ չէր թվում։ Մտածում էի, որ մի ինչ-որ սկզբնակետի գոյության մասին, որպեսզի դրանից հնարավոր ամեն բան սկիզբ առներ։

 Այդ ժամանակ գաղափար անգամ չունեի, որ դարերով ու հազարամյակներով մարդկանց իրապես հանգիստ չեն տվել հավերժական տիեզերքի գաղափարներն ու դրա սկիզբ ունենալ-չունենալու հարցերը։ Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաները հավատում էին, որ նյութը գոյություն ուներ, այն անհրաժեշտություն էր, հետևաբար, այն հավերժ է։ Իսկ Աստված միգուցե պատասխանատու է տիեզերական տարածության մեջ կարգուկանոն հաստատելու համար, սակայն ինքը չէ տիեզերքի արարիչը։

Այս թեմայի վերաբերյալ հրեական մոտեցումները, որոնք ավելի վաղ շրջանի էին, բոլորովին հակասում էին հունական աշխարհայացքին։ Եբրայական հեղինակները պնդում էին, որ տիեզերքը ոչ թե միշտ գոյություն է ունեցել, այլ ստեղծվել է Աստծո կողմից անցյալի մի ինչ-որ ժամանակաշրջանում։ Ինչպես հրեաների սուրբ գրքերի ամենաառաջին նախադասությունում է ասվում․ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։

Աստիճանաբար այս երկու, միմյանց հետ մրցող հավատալիքները սկսեցին փոխազդել ու փոխկապակցվել։ Արևմտյան փիլիսոփայության մեջ տիեզերքի առաջացման շուրջ անընդմեջ շարունակվող բանավեճերը գնալով թեժանում էին վերջին հազարամյակի ընթացքում։ Այդ բանավեճերը արդիական են եղել ոչ միայն հրեաների ու մուսուլմանների միջև, այլև քրիստոնյաների՝ թե՛ կաթոլիկ, թե՛ բողոքական։ Այն իր վերջնական, ոչ լիարժեք ավարտն ունեցավ 18-րդ դարի գերմանացի լավագույն փիլիսոփաներից մեկի՝ Իմանուիլ Կանտի գաղափարներում։ Ի հեճուկս մյուս գաղափարների՝ նա պնդում էր, որ երկու աշխարհայացքներն էլ բավականին շատ մրցունակ և ռացիոնալ փաստարկներ ունեն՝ ցույց տալով բանականության սահամանափակ ու տկար լինելը։

Այս բանավեճերի մասին ես իմացա միայն համալսարանն ավարտելուց հետո։ Ցանկանալով հաշտվել այս գաղափարներից որևէ մեկի հետ, երբ ավարտում էի մագիստրատուրաս փիլիսոփայության ոլորտում, որոշեցի գտնել դասախոսի, որը կհամաձայներ ինձ ուղղորդել այս թեմայի շուրջ դոկտորական ատենախոսություն պաշտպանելու հարցում։ Այն անձը, ով ինձ համար մյուսներից առավել թվաց, Ջոն Հիքն էր Բիրմինգհեմի Համալսարանից։ Տեղափոխվելով Բիրմինգհեմ՝ ես սկսեցի աշխատություններ գրել տիեզերբանական փաստարկների շուրջ՝ պրոֆեսոր Հիքի ղեկավարությամբ։ Այդ դոկտորական ատենախոսության արդյունքում երեք գիրք գրվեց։ Ես կարողացա ուսումնասիրել տիեզերաբանական փաստարկի պատմական արմատները, ինչպես նաև խորացնել ու զարգացնել փաստարկի վերլուծությունը։ Ես նաև բացահայտեցի, որ ժամանակակից աստղագիտության ու տիեզերագիտության մեջ զարմանալի կապեր գոյություն ունեն։

Միջնադարյան իսլամական աստվածաբանության պատմական արմատների շնորհիվ ես այս ապացույցների համակարգը կոչեցի ««Քալամ» տիեզերաբանական փաստարկ» («քալամ»-ը միջնադարյան աստվածաբանությունը նկարագրող արաբերեն բառ է)։ Այսօր այս փաստարկը կրկին կենտրոնական տեղ է զբաղեցնում, թեև Կանտի ժամանակներից ի վեր մոռացվել էր։ «Քեմբրիջի Աթեիզմի ՈՒղեկից» գրքում (2007) նշվում է․ «Քալամ փաստարկների մասին․․․ փիլիսոփայական ամսագրերում տեղի գտած հոդվածների քանակը ցույց է տալիս, որ դրանց մասին ավելի շատ հոդված կա, քան Աստծո գոյության վերաբերյալ ժամանակակից այլ փաստարկների  վերաբերյալ․․․ Թիեստներն ու աթեիստները չեն կարող «Քալամ» փաստարկների համակարգն անտեսել․․․ » (էջ՝ 183)։

Ինչպիսի՞նն է ապացուցման այս մեթոդը, որ այսպիսի հետաքրքրություն է առաջ բերում։ Թո՛ւյլ տանք, որ այս բանավեճի ամենակարկառուն միջնադարյան առաջամարտիկը խոսի իր փոխարեն։ Ալ-Ղազալին 12-րդ դարի իսլամական աստվածաբան է Պարսկաստանից՝ մերօրյա Իրանից։ Նրան մտահոգում էր այն, որ իր օրերի մուսուլման փիլիսոփաների վրա մեծ ազդեցություն էին թողնում հույն փիլիսոփաները, որոնք մերժում էին տիեզերքի ստեղծված լինելու գաղափարը։ Այս փիլիսոփաների ուսուցումները մանրամասն ուսումնասիրելուց հետո Ղազալին իրենց տեսակետների վերաբերյալ քննադատական մի աշխատանք գրեց, որը կոչեց «Փիլիսոփաների ինքնահերքում»։ Այս հոյակապ գրքում նա պնդում է, որ անսկիզբ տիեզերքի գաղափարը պարզապես անհեթեթություն է։ Տիեզերքը պետք է սկիզբ ունենար, և, քանի որ ոչինչ առանց պատճառի չի սկսում գոյություն ունենալ, պետք է որ տիեզերքը ստեղծող մշտագո Արարիչ լինի։

Ղազալին շատ պարզ է իր փաստարկը ձևակերպում․ «Յուրաքանչյուր իրողություն, որ սկսում է գոյություն ունենալ, ունի պատճառ իր գոյության համար․ այժմ աշխարհը մի իրողություն է, որը սկսել է գոյություն ունենալ, հետևաբար, այն իր գոյության պատճառն ունի»։ [1]

Ղազալիի փաստարկները բաղկացած է երեք պարզ դրույթներից՝ նախադրյալներից․

1. Այն, ինչ սկսում է գոյություն ունենալ, իր գոյության պատճառն ունի։

2. Տիեզերքը սկսել է գոյություն ունենալ։

3. Հետևաբար, տիեզերքն ունի իր գոյության պատճառը։

Եկե՛ք այս փաստարկի յուրաքանչյուր քայլ առանձին դիտարկենք։

Նախադրյալ 1

Նկատենք, որ Ղազալիին պետք չէ, որ առաջին նախադրյալը լինի շատ ուժեղ, որպեսզի իր փաստարկն ավելի համոզիչ դարձնի։ Առաջին նախադրյալը մենք կարող ենք շարադրել նաև այսպես․

1'. Եթե տիեզերքը սկսել է գոյություն ունենալ, ապա կա պատճառ, որ սկիզբ է տվել տիեզերքին։

Առաջին նախադրյալի մեր տարբերակը մեզ թույլ չի տա, որ մեր ուշադրությունը շեղենք քվանտային քայքայումների գործընթացների ժամանակ առաջացած միջատոմային մասնիկների առանց պատճառի առաջացման հարցի վրա։ Նախադրյալ (1')-ում այս վարկածը բացառվում է, ինչը չենք կարող ասել նախադրյալ (1)-ի համար, քանի որ տիեզերքը ներառում է ողջ տարածաժամանակային իրականությունը։ Հետևաբար, եթե ասենք, որ ողջ տիեզերքը ի հայտ է եկել առանց պատճառի ազդման ուժի, ապա կասենք, որ այն առաջացել է ոչնչից, սակայն դա աբսուրդի ժանրից է։ Քվանտային քայքայումների գործընթացներում մասնիկները չեն սկսում գոյություն ունենալ ոչնչից։ Ինչպես Քրիստոֆեր Իշամն է զգուշացնում՝ Մեծ Բրիտանիայի լավագույն քվանտային տիեզերագետը․ ««Ստեղծում» եզրույթը ֆիզիկայի համատեքստում գործածելիս շատ զգույշ պետք է լինել։ Մեզ ծանոթ օրինակ է աքսելերատորի մեջ տարրական մասնիկների ստեղծումը։ Սակայն այս պարագայում պարզապես մեկ տեսակի նյութը փոխակերպվում է մեկ այլ տեսակի՝ օգտագործելով գործընթացի արդյունքում պահված ողջ էներգիան» [2]

Հետևաբար, (1)-ի համար ենթադրելի վարկածը բացառվում է (1') նախադրյալում։

Թո՛ւյլ տվեք նախադրյալ (1')-ը ապացուցելու համար երեք պատճառ թվարկել։

1. Որևիցե բան չի ծագում ոչ մի բանից։ Պնդել, թե որևէ իր սկսում է գոյություն ունենալ ոչնչից, ավելի վատ է, քան մոգությունը։ Երբ բեմի վրա հրաշագործը գլխարկից նապաստակ է հանում, դու առնվազն գիտես, որ դրա ետևում կանգնած է հրաշագործը, որն ուներ գլխարկ։ Բայց եթե դու ժխտում ես նախադրյալ (1')-ը, դու երևի կարծում ես, որ անցյալի մի որևէ ժամանակաշրջանում ողջ տիեզերքն ինչ-որ կերպ՝ առանց պատճառի ի հայտ է եկել։ Բայց ազնիվ լինենք․ ոչ ոք չի հավատում, որ ենթադրենք, առանց պատճառի ձի կամ Էսկիմոսների գյուղ կարող է հայտնվել։

2.  Եթե ոչնչից ինչ-որ բանի առաջացումը հնարավոր է, այդ դեպքում չենք կարող բացատրել, թե ինչու այլ բաներ կամ պարզապես յուրաքանչյուր բան առհասարակ չի առաջանում ոչնչից։ Մտածի՛ր այս մասին։ Ինչո՞ւ հեծանիվները, Բեթհովենը և գարեջուր ի հայտ չեն գալիս ոչ մի բանից։ Այդ ինչո՞ւ հանկարծ միայն տիեզերքը կարող է ի հայտ գալ ոչնչից։ Ինչո՞ւ է այդ ոչինչն այդպես խտրականություն դնում երևույթների մեջ։ Ոչինչը չունի որևէ առանձնահատկություն, ըստ որի կարող է առավելություն տալ տիեզերքին։ Եվ որևիցե բան չի կարող սահմանափակել ոչնչին, քանի որ այնտեղ սահմանափակելու ոչինչ չկա։

3. Համընդհանուր փորձառությունն ու գիտական փաստարկները հաստատում են նախադրյալ (1')-ի ճշմարտացիությունը։ Տիեզերագիտությունը հիմնվում է այն ենթադրության վրա, որ տիեզերքի ծագման համար գոյություն ունեն պատճառահետևանքային պայմաններ։ Այսպիսով, դժվար է հասկանալ, թե ինչպես ժամանակակից գիտությանը նվիրված անձինք կարող են չընդունել նախադրյալ (1')-ի հավանական ճշմարտացիությունը։ 

Այսպիսով, կարծում եմ, որ քալամի տիեզերաբանական փաստարկի առաջին նախադրյալը հաստատապես ճշմարիտ է։  

 

Նախադրյալ 2

Այս փաստարկի ամենահակասական նախադրյալը 2-րդն է, ըստ որի տիեզերքը սկսել է գոյություն ունենալ։ Սա միանշանակ ակնհայտ է։ Եկե՛ք քննենք 2-րդ նախադրյալի օգտին խոսող թե՛ փիլիսոփայական պնդումները, թե՛ գիտական ապացույցներն առանձին-առանձին։ 

 

Առաջին փիլիսոփայական պնդում

Ղազալին պնդում էր, որ եթե տիեզերքը որպես այդպիսին «սկիզբ» չի ունեցել, ապա ներկա ժամանակից առաջ գոյություն են ունեցել անվերջ թվով իրադարձություններ անցյալի հավերժության մեջ։ Բայց նա վիճաբանում էր, որ երևույթների ու իրերի անվերջ քանակություն՝ թիվ, գոյություն չունի։ Ղազալին գիտակցում էր, որ իրերի պոտենցիալ (հավանական) անվերջ թիվ կարող է լինել, սակայն նա մերժում էր ակտուալ անվերջ թվի գոյությունը։

Երբ խոսում ենք պոտենցիալ անվերջության մասին, անվերջությունն այստեղ պարզապես ծառայում է որպես իդեալական սահման, որին երբեք չենք հասնում։ Օրինակ՝ կարող ենք յուրաքանչյուր վերջավոր հեռավորություն բաժանել կեսի, հետո՝ չորս մասի, հետո՝ ութ, հետո՝ տասնվեց և այդպես շարունակ՝ մինչև անվերջություն։ Բաժանումների քանակն ամենայն հավանականությամբ անվերջ է այն իմաստով, որ կարող ես անդադար բաժանումներ կատարել։ Բայց երբեք չես հասնի «անվերջ մասի» կոչված բաժանմանը։ Ակտուալ անվերջ թվերով մասեր կամ բաժանումներ իրականում գոյություն չունեն։ 

Ղազալին պոտենցիալ անվերջությունների գոյության հետ կապված խնդիրներ չի տեսնում, քանի որ դրանք պարզապես իդեալական սահմաններ են։ Նա վիճում էր, որ եթե իրերի ակտուալ անվերջ թվով քանակություն գոյություն ունենար, ապա դրա արդյունքում զանազան անհեթեթություններ կծագեին։ Եթե ցանկանում ենք խուսափել աբսուրդ գաղափարներից, ապա պետք է ժխտենք, որ իրեր անվերջ քանակությամբ անսահման թվեր գոյություն ունեն։ Սա նշանակում է, որ անցյալում կատարված երևույթները չեն կարող ակտուալ անվերջ թվեր լինել։ Հետևաբար, տիեզերքը չի կարող անսկիզբ լինել, այլ այն սկսել է գոյություն ունենալ։

Երբեմն ենթադրում են, որ ժամանակակից մաթեմատիկայի նոր զարգացման փուլերում նմանատիպ փաստարկներն այլևս չեն հիմնավորվում։ Ներկայիս բազմությունների տեսություններում ակտուալ անվերջ բազմությունների կիրառումը բավականին տարածված է։ Օրինակ՝  բնական թվերի բազմությունը ({0, 1, 2, . . .}) պարունակում է անվերջ թվով անդամներ։ Այս բազմության մեջ անդամների քանակը պարզապես պոտենցիալ անվերջություն չէ՝ ըստ ժամանակակից բազմությունների տեսության, այլ ակտուալ անվերջ, բնական թվեր են։ Շատերն ակնարկում են, որ այսպիսի մաթեմատիկական զարգացումները թուլացնում են Ղազալիի փաստարկները։

Բայց արդյո՞ք դա այդպես է։ Բազմությունների ժամանակակից տեսությունները ցույց են տալիս, որ եթե որդեգրենք որոշակի աքսիոմներ ու կանոններ, ապա կարելի է համոզիչ կերպով խոսել ակտուալ անվերջությունների մասին՝ առանց ինքդ քեզ հակասելու։ Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք կառուցել որոշակի դատողությամբ լի տիեզերք, որում կարող ենք մեզ թույլ տալ վստահորեն խոսել ակտուալ անվերջությունների մասին։ Սակայն բացարձակապես ոչինչ չենք կարող անել, որպեսզի ապացուցենք, որ նմանատիպ մաթեմատիկական ամբողջություններ գոյություն ունեն, կամ որ առարկաների ակտուալ անվերջությունն իրոք հնարավոր է։ Եթե Ղազալին ճիշտ է, ապա նմանատիպ դատողությամբ տիեզերքը պարզապես կարելի է վերագրել գեղարվեստական ժանրին, ինչպես օրինակ Շերլոկ Հոլմսի աշխարհն էր, կամ երևակայական մի երևույթ, որը գոյություն ունի միայն քո ուղեղում։

Ձևը, որով Ղազալին ապացուցում է առարկաների ակտուալ անվերջ թվով քանակության անհնարինությունը, այն է, որ պատկերացնենք, թե ինչի դա նման կլիներ, եթե ինչ-որ առարկայի անվերջ քանակություն գոյություն ունենար, հետո մտածենք դրա աբսուրդային հետևանքների մասին։ Թո՛ւյլ տվեք ձեզ հետ բաժնեկցել իմ սիրելի լուսաբանումներից մեկը, որը կոչվում է «Հիլբերտի հյուրանոց», որն ակնառու գերմանացի մաթեմատիկոս Դեյվիդ Հիլբերտի մտքի թռիչքի արդյունքն է։

Հիլբերտն ասում է, որ պատկերացնենք մի սովորական հյուրանոց, որում վերջավոր թվով սենյակներ կան։ Հետո պատկերացրո՛ւ, որ բոլոր սենյակները լիքն են։ Եթե մի նոր հյուր հաճախի ու սենյակ պատվիրի, հյուրանոցի մենեջերը կասի, որ բոլոր սենյակները զբաղված են, ու դա կլինի պատմության ավարտը։

Իսկ այժմ, ասում է Հիլբերտը, պատկերացնենք մի հյուրանոց, որում անվերջ թվով սենյակներ կան, ու կրկին պատկերացնենք, որ բոլոր սենյակները լիքն են։ Այս փաստը պետք է հստակորեն գնահատել։ Այդ անսահման հյուրանոցում որևէ ազատ սենյակ չկա, յուրաքանչյուր սենյակ զբաղեցված է միս ու արյուն ունեցող անձանցով։ Այժմ մի հյուր է հայտնվում սպասասրահում ու սենյակ է պատվիրում։ Մենեջերն ասում է․ «Խնդի՛ր չկա»։ Նա տեղափոխում է #1 սենյակում մնացող հյուրին համար #2 սենյակ, իսկ վերջինիս հյուրին տեղափոխում է #3 սենյակ, #3 սենյակի հյուրին տեղափոխում է #4 սենյակ ու այդպես մինչև անվերջություն։ Նմանատիպ սենյակափոխության հետևանքով #1 սենյակն ազատվում է, ու նոր հյուրը երախտագիտությամբ գրանցվում է։ Բայց մինչև իր ժամանելը բոլոր սենյակներն արդեն զբաղված էին։

Այժմ իրավիճակը մի փոքր բարդացնենք։ Պատկերացնե՛նք, ըստ Հիլբերտի, որ մի անվերջ թվով հյուրերի բազմություն է մոտենում ու սենյակ պատվիրում։ «Խնդի՛ր չկա, խնդի՛ր չկա»,- ասում է մենեջերն ու անցնում գործի։ Նա սկսում է մեկ առ մեկ տեղափոխել հյուրերին առաջին սենյակից երկրորդ, երկրորդից չորրորդ, երրորդից վեցերորդ՝ ամեն անգամ յուրաքանչյուր հյուրին տեղափոխելով իր սենյակի կրկնապատիկ սենյակը։ Քանի որ յուրաքանչյուր թիվ երկուսի բազմապատկելով ստանում ենք զույգ թիվ, ստացվում է, որ բոլոր հյուրերը տեղավորվում են զույգ թվով համարներում, իսկ կենտ թվով համարները դատարկվում են։ Բոլոր նոր հյուրերը հեշտությամբ տեղավորվում են անվերջ թվով կենտ համարներում։ Փաստորեն մենեջերը կարողանում է անվերջ անգամ թվով տեղափոխություն կատարել ու նույն կերպով ամեն անգամ կարող է անվերջ քանակությամբ հյուրեր տեղավորել։ Մինչդեռ, մինչ նոր հյուրերի ժամանելը, բոլոր սենյակներն արդեն զբաղված են։

Ինչպես մի անգամ ուսանողներիցս մեկն ակնարկեց, եթե Հիլբերտի հյուրանոցը գոյություն ունենար, պետք է ցուցանակ ունենար, որի վրա նշված լիներ «Տեղ չկա, բայց համեցե՛ք»։ Իսկ իրականում նման հյուրանոց գոյություն ունենալ կարո՞ղ է․․․ Հիլբերտի հյուրանոցի գաղափարը, բնականաբար, անհեթեթություն է։ Քանի որ հյուրանոցի պատկերավոր օրինակը միայն երևակայության արդյունք է, այս փաստարկը կարող ենք ընդհանրացնել ու ցույց տալ, որ ակտուալ անվերջ թվերի գոյությունն իրականության մեջ անհեթեթություն է։

Երբեմն մարդիկ արձագանքում են Հիլբերտի հյուրանոցի օրինակին որպես անհավանական մի բան, քանի որ այդ աբսուրդությունը պատկերացնելը մեր կարողությունից վեր է ու ի վիճակի չենք այն ըմբռնել։ Բայց այսպիսի արձագանքը սխալ է ու միամիտ։ Ինչպես ասացի, բազմության անվերջության գաղափարը ժամանակակից մաթեմատիկայում բավականին զարգացած ու խորությամբ մեկնաբանված ճյուղ է։ Անհեթեթությունն առաջանում է, քանի որ մենք հասկանում ենք ակտուալ անվերջության բնույթը։ Հիլբերտը խելացի տղա էր ու լավ գիտեր, թե ինչպես պետք էր բացատրել իրականության մեջ ակտուալ անվերջ թվերի գոյության տարօրինակ հետևանքները։

Իրապես, այն միակ ելքը, որը մնում է այս օրինակի քննադատներին, այն է, որ իրենց լեզուն կծեն ու ասեն, որ Հիլբերտի հյուրանոցի օրինակն անհեթեթ չէ։ Երբեմն քննադատները փորձում են արդարացնել այս քայլն՝ ասելով, որ եթե իրականում անվերջ թիվ գոյություն ունենար, ապա հենց այսպիսի իրավիճակներ պետք է ակնկալեինք կյանքում։ Բայց այսպիսի պատասխանն ադեկվատ չէ։ Հիլբերտը, իհարկե, կհամաձայներ, որ եթե ակտուալ անվերջություն գոյություն ունենար, իր երևակայության հյուրանոցի իրավիճակը բնական երևույթ կլիներ առօրյայում։ Այլապես այն լավ բացատրության օրինակ չէր կարող լինել։ Հարցն այն է, թե իրականում նման հյուրանոցի գոյությունը հնարավոր է, թե՝ ոչ։

Այսպիսով, կարծում եմ, որ Ղազալիի առաջին փաստարկը լավն է։ Այն ցույց է տալիս, որ անցյալում կատարված իրողությունների քանակն անվերջ թիվ է։ Հետևաբար, տիեզերքը սկիզբ է ունեցել։ Կարող ենք Ղազալիի փաստարկն ամփոփել հետևյալ եզրակացություններով․

1. Ակտուալ անվերջ թիվ գոյություն ունենալ չի կարող։

2. Իրադարձությունների անվերջ ետընթացը ժամանակի մեջ ենթադրում է ակտուալ անվերջություն։

3. Հետևաբար, ժամանակի մեջ իրադարձությունների անվերջ ետընթաց գոյություն ունենալ չի կարող։  

Երկրորդ փիլիսոփայական պնդում

Ղազալին տիեզերքի սկզբի համար ունի մեկ այլ, մյուսներից անկախ ապացույց։ Ինչպես նկատում է Ղազալին, անցյալում տեղի ունեցած երևույթները կատարվել են նախորդների հիման վրա։ Անցյալի իրադարձությունները նման են միմյանց վրա ընկնող դոմինոների շարքի, որոնք միմյանց վրա դասավորվելով՝ հասնում են մինչ ներկա պահը։ Բայց, ինչպես նա է պնդում, շարասյունը, որը կազմավորվում է մեկ առարկայի վրա մյուսը դնելով, անսահման չի կարող լինել։ Քանի որ անհնար է հասնել այսօրվան՝ ներկա պահին, եթե անցյալից մինչև այսօր անսահմանության միջակայք կա։

Սա ավելի հեշտ կպատկերացնենք, երբ փորձենք հաշվել մինչև անսահմանություն։ Անկախ նրանից, թե որքան շատ ես հաշվել, դեռևս մի ամբողջ անսահմանություն կա, որը դեռ պետք է հաշվել։

Բայց եթե չես կարող հաշվել մինչև անսահմանություն, ինչպե՞ս կարող ես ետհաշվարկ կատարել անսահմանությունից։ Սա նման է նրան, որ ինչ-որը մեկը պնդի, թե կարողացել է հաշվել բոլոր բացասական թվերը՝ վերջացնելով հաշվարկը 0-ի վրա՝ -3, -2, -1, 0։ Սա պարզապես խենթություն է։ Քանի որ մինչև 0-ին հասնելը նա պետք է հաշվի -1-ը, դրանից առաջ՝ -2-ը և այդպես շարունակ մինչև անվերջություն։ Նախքան որևէ հաջորդ թվին անցնելը, նախ պետք է անվերջ քանակությամբ թվեր հաշվենք թվատախտակի վրա (հիշենք, որ թվատախտակի յուրաքանչյուր երկու թվի միջակայքում անվերջ քանակությամբ պոտենցիալ թվեր են հնարավոր)։ Այդպես մենք անընդմեջ ետ ենք գնում դեպի անցյալ ու տեղ չենք հասնում։

Դոմինոյի վերջին քարը երբեք չի ընկնի, եթե մինչև հերթն իրեն հասնելն անսահման քանակությամբ՝ նույն է, թե՝ անվերջ թվով դոմինոյի քարեր ընկնեն։ Նույն տրամաբանությամբ՝ այս օրը երբեք չէր լինի, եթե մինչև այս պահն անցյալն անվերջ լիներ։ Բայց ակնհայտ է, որ մենք այսօր այստեղ ենք։ Սա ցույց է տալիս, որ անցյալի իրադարձությունները սահմանափակ են ու սկիզբ ունեն։

Ղազալին փորձում էր հավերժական անցյալի գոյության անհնարինությունն առավելագույնս ապացուցել՝ բերելով անտրամաբանական օրինակներ, որոնք իրականություն կլինեին, եթե անցյալի անվերջության գաղափարը ճիշտ լիներ։ Օրինակ՝ ենթադրենք, որ այն ուղեծիրը, որով անցնում է Սատուրնը մեկ անգամ արևի շուրջ պտույտ կատարելու համար, Յուպիտերն անցնում է երկու անգամ։ Որքան ուղեծիրը երկարի, այդքան Սատուրնը ետ կընկնի Յուպիտերից։ Եթե արևի շուրջ մեկ պտույտի ուղեծիրը դառնա անսահման, ապա մի պահ կգա, երբ Սատուրնի հեռավորությունը Յուպիտերից կդառնա անսահման՝ անվերջ։ Բայց իրականության մեջ սա անհնարին է, իրենք երբեք նման վիճակի հասնել չեն կարող։

Բայց այժմ շրջենք դեպքերի ընթացքը։ Ենթադրենք, որ Յուպիտերն ու Սատուրնը արևի շուրջը պտտվել են անցյալի անսահմանությունից ի վեր։ Իրենցից որի՞ անցած հետագիծն է ավելի երկար։ Պատասխանն այն է, որ իրենց ուղեծրերի քանակը նույն թիվն է՝ անվերջություն։ (Մենք չենք կարող խուսափել այս փաստից՝ ասելով, որ անվերջությունը թիվ չէ․ չէ՞ որ ժամանակակից մաթեմատիկայում այն թիվ է, բազմության տարրերի թիվն է՝ {0, 1, 2, 3, . . . })։ Այդ ինչպե՞ս են երկու ուղեծրերի չափերը հրաշքով դառնում հավասար՝ ստիպելով դրանց անցնել իրենց հետագծով անվերջ անցյալից ի վեր։ 

Մեկ այլ լուսաբանում։ Ենթադրենք, որ հանդիպում ենք ինչ-որ մեկին, որ պնդում է, թե սկսել է հաշվել անվերջ անցյալից ու հենց հիմա վերջացնում է՝ ․․․-3, -2, -1, 0։ Հիանալի՛ է։ Մենք միգուցե հարցնենք, թե ինչո՞ւ է նա հենց այսօր վերջացնում։ Ինչո՞ւ նա չի վերջացրել հաշվարկը երեկ կամ դրա նախօրդ օրը։ Ի վերջո, դա նշանակում է, որ մինչ այդ պահն արդեն անսահման քանակությամբ թվով ժամանակ անցած կլիներ։ Եթե այդ մարդը 1թիվ/վրկ արագությամբ է հաշվել, դեռևս անսահման քանակությամբ վայրկյաններ մնացել են, որպեսզի ավարտի իր հաշվարկը։ Կարո՞ղ է նա արդյոք երբևէ վերջացնել հաշվելը։ Փաստացի, անցյալի յուրաքանչյուր պահին նա արդեն անվերջ թվով ժամանակ է անցել ու հետևաբար պետք է հասած լիներ այդ անվերջ թվին։ Բայց անցյալի ոչ մի ժամանակահատվածում էլ այս մարդը հաշվելը չի կարող ավարտել, հետևաբար նա չէր կարող հաշվել անցյալի անվերջությունից ի վեր։

Ալեքսանդր Պրուսն ու Ռոբերտ Կունը վերջերս պաշտպանել են Ղազալիի այս փաստարկի հետաքրքիր ու ժամանակակից տարբերակը, որը կոչվում է «Մռայլ Հնձվորի պարադոքս» (Մռայլ Հնձվոր է կոչվում սևազգեստ մանգաղավոր կմախքը՝ մահվան ոգին)։ Ենթադրենք՝ գոյություն ունեն անսահման շատ Մռայլ Հնձվորներ (ում կարող ենք նույնացնել աստվածների հետ, որպեսզի խուսափենք ֆիզիկական առարկություններից)։ Դու կեսգիշերին դեռ կենդանի ես։ Առաջին Մռայլ Հնձվորը կեզ կսպանի ժամը 01:00-ին, եթե դու դեռ կենդանի մնաս այդ ժամանակ։ Երկորդ Հնձվորը քեզ կսպանի 00:30-ին, եթե մինչ այդ կենդանի մնաս։ Երրորդ հնձվորը քեզ կսպանի 00։15-ին, եթե կենդանի լինես այդ ժամանակ և այսպես շարունակ։ Այսպիսի իրավիճակը հասկանալի կլինի, եթե մտածենք, որ առարկաների ակտուալ անվերջ քանակությունը հնարավոր է, բայց այն առաջ է բերում անհնար իրադրություն։ Այս դեպքում կենդանի մնալ չես կարող կեսգիշերից հետո, մինչդեռ ցանկացած պահի ցանկացած Հնձվոր չի կարող քեզ սպանել։ Պրուսն ու Կունը ցույց են տալիս, թե ինչպես պետք է այս պարադոքսը վերաձևակերպել, որպեսզի Մռայլ Հնձվորները սփռվեն ժամանակի անվերջության մեջ, ոչ թե միայն մեկ ժամի մեջ, օրինակ՝ նրանք առաջարկում են յուրաքանչյուր Մռայլ Հնձվորի թույլ տալ, որ իր մանգաղը ճոճի ամեն անցած տարվա հունվարի մեկին, եթե կարողանաս, իհարկե, այդքան երկար ապրել։ 

Այսպիսի լուսաբանումները միայն ամրապնդում են Ղազալիի այն պնդումը, որ դեպքերի շարքը, որը կառուցվում է մեկը մյուսի հիման վրա տեղի ունեցող, արդեն կատարված իրադարձություններով, չի կարող ակտուալ անվերջ թվով ներկայանալ։ Քանի որ անցյալում կատարված իրադարձությունները մեկ մյուսի վրա են կառուցված, ապա դրանք անվերջ լինել չեն կարող։ Պետք է սկիզբ լինի։ Այսպիսով մենք մեր պնդումը լավ փաստարկներով ապացուցեցինք․ տիեզերքը սկիզբ ունի։ Այս փաստարկը կարող ենք ամփոփել հետևյալ կերպ․

1. Հաջորդական հերթականությամբ, մեկը մյուսի հիման վրա կառուցված բազմությունը չի կարող անվերջ թիվ կազմել։

2. Անցյալ իրադարձությունների ժամանակագրությունը (շարքը) բազմություն է, որը կառուցվել է հաջորդական հերթականությամբ։

3. Հետևաբար, իրադարձությունների ժամանակագրությունը (շարքը) չի կարող անվերջ թիվ կազմել։

Առաջին գիտական վավերացում

Ժամանակակից աստղագիտության ամենաապշեցուցիչ բացահայտումներից մեկը, որի մասին Ղազալին նույնիսկ չէր էլ կարող կանխատեսել, այն է, որ այժմ մենք տիեզերքի սկիզբ ունենալու վերաբերյալ ունենք անհերքելի գիտական փաստարկներ։ Տիեզերքի սկիզբ ունենալու տեսության առաջին գիտական հաստատումը բխում է տիեզերքի շարունակ ընդլայնման փաստից։

Ողջ պատմության ընթացքում մարդիկ ենթադրել են, որ տիեզերքը՝ որպես մի ամբողջություն, անփոփոխ է։ Իհարկե, տիեզերքում առկա առարկաները շարժվում էին ու փոխվում, սակայն տիեզերքն այն էր, ինչ կար՝ այսպես ասած։ Ալբերտ Էյնշտեյնը նույնպես այդպես էր կարծում, երբ առաջին անգամ՝ 1917թ․ սկսեց կիրառել տիեզերքի ձգողականության իր տեսությունը՝ Հարաբերականության ընդհանուր տեսությունը։

Բայց Էյնշտեյնը հավատացած էր, որ ինչ-որ բան միանգամայն սխալ է, քանի որ, իր հաշվարկների համաձայն, տիեզերքը կա՛մ պետք է փուչիկի նման անընդհատ փքվեր, կա՛մ ինքն իրեն սեղմվեր ու ոչնչանար։ 1920-ական թվականներին ռուս մաթեմատիկոս Ալեքսանդր Ֆրիդմանն ու բելգիացի աստղագետ Ջորջ Լեմետրը որոշեցին գործածել Էյնշտեյնի հավասարումներն իրենց անվանական արժեքներով, որի արդյունքում էլ երկուսն էլ, միմյանցից անկախ, ստացան տիեզերքի ընդլայնվող մոդելներ։ 1929թ․ ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը Վիլսոն լեռան աստղադիտարանում տքնաջան դիտարկումներ անցկացնելուց հետո մի ապշեցուցիչ բացահայտում կատարեց, որը հաստատեց Ֆրդիմանի ու Լեմետրի տեսությունը։ Նա բացահայտեց, որ հեռավոր գալակտիկաներից երևացող լույսն ավելի կարմիր էր, քան անհրաժեշտ էր։ Լույսի նմանատիպ «կարմիր շեղումն» ամենայն հավանականությամբ լույսի ալիքների ձգման հետևանքով էր, քանի որ գալակտիկաները հեռանում են մեզանից։ Գիշերվա երկնքի որ հատվածում էլ Հաբլը փորձում էր իր աստղադիտակն ուղղորդել, նա գալակտիկաներում կարմիր լույսի նույն շեղումն էր նկատում։ Եվ քանի որ բոլոր գալակտիկաներն ահռելի արագությամբ հեռանում են մեր գալակտիկայից, մնում էր ենթադրել, որ մենք գտնվում ենք տիեզերքի կենտրոնում։ 

Իսկ Ֆրիդման-Լեմետրի մոդելի համաձայն՝ մենք այդքան էլ տիեզերքի կենտրոնում չենք գտնվում։ Փաստն այն է, որ եթե դիտարկենք այս երևույթը մեկ այլ գալակտիկայից, կտեսնենք, որ մյուս գալակտիկաներն էլ հեռանում դիտարկման կետից։ Համաձայն այս տեսության՝ սրա պատճառն այն է, որ տարածությունն ինքն է ընդլայնվում։ Տարածության մեջ գալակտիկաներն անշարժ վիճակում են, բայց իրենք միմյանցից հեռանում են, քանի որ տարածությունն է ընդարձակվում։

Ֆրիդման-Լեմետրի մոդելն աստիճանաբար հայտնի դարձավ որպես «Մեծ Պայթյունի» տեսություն։ Սակայն այս անվանումը մի փոքր մոլորեցնող է։ Որպես պայթյունի հետևանք՝ տիեզերքի ընդարձակման մասին պատկերացնելիս միգուցե սխալմամբ կարծենք, որ գալակտիկաները մի որևէ կենտրոնական կետից ընթանում են դեպի արդեն գոյություն ունեցող դատարկ տարածություն։ Սա միանգամայն հակասում է Ֆրիդման-Լեմետրի մոդելին։ Իրենց տեսությունն ավելի արմատական ու խորքային է։

Եթե ժամանակի մեջ պատկերենք տիեզերքի ընդարձակման հետագիծը, ապա կտենսնեք, որ վաղ անցյալում տիեզերքում եղած օբյեկտներն ավելի ու ավելի մոտ են եղել միմյանց։ Այդպես ետ գնալով՝ տեսնում ենք, որ տարածության մեջ յուրաքանչյուր երկու կետերի միջև հեռավորությունը մի ինչ-որ ժամանակ հավասար է եղել 0-ի։ Դրանից ավելի մոտ հնարավոր չէ գտնվել։ Հենց այդ կետում է, որտեղ ժամանակն ու տարածությունը եղել են սեղմված։ Դրանից ավելի ետ տարածությունն ու ժամանակն այլևս սեղմվել չէին կարող։ Հենց այդ կետն էլ բառացիորեն տարածության ու ժամանակի սկիզբն է համարվում։

Որպեսզի պատկերավոր հասկանանք սա, կարող ենք նկարել տարածության եռաչափ մոդելը երկչափ սկավառակի տեսքով, որը ժամանակի ետընթացին զուգահեռ նեղանում է (Պատկեր 1)։

(Պատկեր 1 Տարածության ու ժամանակի երկրաչափական պատկերում։ Այս երկչափ սկավառակը ներկայացնում է մեր եռաչափ տիեզերական տարածությունը։ Ուղղահայաց հարթությունը ներկայացնում է ժամանակը։ Ժամանակը ետ շրջելով՝ տեսնում ենք, որ տարածությունն այնքան է նեղանում, որ մի ինչ-որ կետի այն այլևս չի կարող նեղանալ՝ երկու ցանկացած կետերի միջև հեռավորությունը հավասարեցնելով 0-ի։ Տարածաժամանակային մոդելավորումը նման է երկրաչափական կոնի։ Կոնի ծայրն այն կետն է, որտեղ ահռելի խտությամբ սեղմված են տարածությունն ու ժամանակը։)

Աստիճանաբար տարածության մեջ ցանկացած երկու կետի միջև եղած հեռավորությունը հավասարվում է 0-ի։ Այսպիսով, տարածաժամանակը կարելի է ներկայացնել երկրաչափական կոնի տեսքով։ Այս օրինակի ամենանշանակալի հատկությունն այն է, որ կոնը կարող է ընդլայնվել միայն մեկ ուղղությամբ, քանի որ ծայրամասային հատվածում այն սահմանային կետ ունի։ Քանի որ ուղղահայաց հարթությունը ներկայացնում է ժամանակը, իսկ ծայրամասային հատվածը ամենավաղ անցյալն է, սա նշանակում է, որ անցյալում ժամանակը վերջավոր է և ունեցել է սկիզբ։

Քանի որ նյութն ու էներգիան գոյություն ունեն միայն տարածաժամանակային հարթության մեջ, ապա տարածության և ժամանակի սկիզբը համարվում է նաև նյութի և էներգիայի սկիզբ։ Հենց դա էլ տիեզերքի սկիզբն է։ 

Նկատենք, որ տարածաժամանակային սկզբնական՝ սեղմված վիճակից առաջ պարզապես ոչինչ գոյություն չի ունեցել։ Սակայն, եկե՛ք չխաբնվենք բառերին։ Երբ տիեզերագետներն ասում են՝ «Սկզբնական վիճակից առաջ ոչինչ չի եղել», նրանք նկատի չունեն, որ դրանից առաջ հատուկ կարգավիճակ է գոյություն ունեցել, կամ պարզապես դատարկ տարածություն է եղել։ Այլապես դա կնշանակեր, որ այդ ոչինչը ինչ-որ բան է իրենից ներկայացրել։ Իրենք նկատի ունեն, որ սկզբանական վիճակում՝ կոնի սահմանային կետում, սխալ է, եթե ասենք՝ «Այս սկզբնական վիճակից առաջ ինչ-որ բան է եղել»։

Ստանդարտ «Մեծ Պայթյունի» մոդելը, հետևաբար, ամբողջությամբ հաստատում է տիեզերքի սկիզբ ունենալու վարկածը։ Եթե այս մոդելը ճիշտ է, ապա այն հիանալի կերպով գիտության տեսանկյունից հաստատում է «Քալամ» տիեզերաբանական փաստարկի երկրորդ նախադրյալը։

Իսկ ճի՞շտ է արդյոք այս մոդելը, կամ ավելի կարևոր է հարցնել՝ արդյո՞ք տիեզերքի սկզբի վերաբերյալ այս մոդելի վարկածը ճիշտ է։ Չնայած իր փորձառական վավերացմանը՝ ստանդարտ մեծպայթյունյան տեսությունը դեռևս պետք է զանազան փոփոխությունների ենթարկվի։ Այս տեսությունը հիմնված է Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսության հիման վրա։ Բայց Էյնշտեյնի տեսությունը կաղում է, երբ խոսքը գնում է տարածության նեղացման՝ մինչև ենթատոմային մասնիկների անվերջ խտության կարգավիճակի մասին։ Այստեղ անհրաժեշտ է ենթատոմային ֆիզիկայի ներմուծություն, որը, սակայն, դեռևս որևէ մեկին չի հաջողվել։ Ավելին, տիեզերքի ընդլայնումն այդքան էլ մշտական բնույթ չունի, ինչպես որ ասվում է ստանդարտ տեսության մեջ։ Այն այժմ արագանում է, բայց անցյալում հավանաբար եղել է մի սեղմ ժամանակաշրջան, երբ ընդլայնումը գերարագ ընթացք է ունեցել։

Մեր թվարկած զանազան փոփոխություններից ու վարկածներից ոչ մեկը, թերևս, չի հերքում տիեզերքի բացարձակ սկիզբ ունենալու տեսությանը։ Տարիների ընթացքում ֆիզիկոսները, բնականաբար, առաջարկել են տիեզերքի բազում այլ մոդելներ՝ Ֆրիդմանի ու Լեմետրի աշխատանքներից զատ, և այն տարբերակները, որոնք առանց սկիզբ տիեզերքի վարկածն են առաջ տանում, ապացուցվել են, որ թերի են կամ սխալ։ Ավելի դրական նոտայի վրա շեշտենք, որ ամենակենդանի, ոչ ստանդարտ մոդելները նրանք են եղել, որոնք հիմնված են եղել տիեզերքի բացարձակ սկիզբ ունենալու վարկածի վրա։ Այդ սկիզբը կարող է սկզբնական կետ պարունակել կամ չպարունակել։ Սակայն այդ տեսություններում, որոնցում բացակայում է կետանման սկիզբը (ինչպես օրինակ՝ Ստիվեն Հոքինգի «առանց սահմանների» վարկածը), անցյալը դեռևս համարվում է վերջավոր՝ սահմանափակ։ Այս տեսությունների մեծ մասը պնդում է, որ տիեզերքը հավիտյան գոյություն չի ունեցել, այլ առաջացել է ու սկսել է գոյություն ունենալ, եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել մի սեղմված կետի ընդարձակումով։

Կարող ենք ասել, որ քսաներորդ դարի տիեզերագիտության պատմությունը լի է մեկը մյուսի հետևից ձախողված վարկածներով, որոնք խուսափում էին ստանդարտ «Մեծ Պայթյունի» մոդելի առաջարկած բացարձակ սկզբի գաղափարից։ Իսկ բացարձակ սկզբի տեսությունն արդեն 100 տարի է, որ դիմացել է դիտողական աստղագիտության ու աստղաֆիզիկայում կատարված ստեղծագործական տեսական աշխատանքների հսկայական առաջընթացներին։

Մինչդեռ մի քանի ակնառու սինգյուլարության (եզակիության) թեորեմներ նշանակալիորեն ամրապնդել ու ձգել են էմպիրիկ հաստատուն մոդելների շուրջ եղած հանգույցները՝ ապացուցելով, որ ավելի ու ավելի ընդհանրացված պայմանների դեպքում սկիզբն անխուսափելի է եղել։ 2003 թվականին Արվինդ Բորդեն, Ալան Գութն ու Ալեքսանդր Վիլենկինը կարողացան ցույց տալ, որ միջինում տիեզերքի յուրաքանչյուր մոդել, որը պատմության ընթացքում միշտ եղել է տիեզերական ընդարձակման կարգավիճակում, անցյալում հավերժական չի եղել, այլ ունեցել է սկիզբ։ Սա նաև վերաբերում է բազմատիեզերքի տեսությանը։ 2012 թվականին Վիլենկինը ցույց տվեց, որ տիեզերքի առաջացման այն մոդելներն ու տեսությունները, որոնք այս (տիեզերքի սկիզբ ունենալու) պայմանին չեն համապատասխանում ու շրջանցում են այն, ձախողվում են այլևայլ պատճառներով։ Վիլենկինը եզրակացնում է․ «Ինչպես էլ փորձենք դիտարկել, միևնույն է, տեսնում ենք, որ անցյալն իրականում հավերժ չի եղել», [3] և՝ «Ձեռքի տակ եղած բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ տիեզերքը սկիզբ է ունեցել»։ [4]

Բորդե-Գութ-Վիլենկին թեորեմն ապացուցում է, որ դասական տարածություն-ժամանակը մեկ շատ ընդհանուր պայմանի պարագայում չի կարող անցյալում անսահման տարածվել, այլ վերջավոր անցյալում այն հասել է մի սահմանային կետի։ Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք այդ կետից այն կողմ ինչ-որ բան եղել է։ Եթե ոչ, ապա այդ սահմանային կետը հենց տիեզերքի սկիզբն է եղել։ Իսկ եթե դրա այն կողմում ինչ-որ բան է եղել, ապա դա մի շրջան է, որը քվանտային ձգողականության կողմից դեռևս չբացահայտված տեսություն է։ Այդ պարագայում, ինչպես ասում է Վիլենկինը, հենց դա էլ կհամարվի տիեզերքի սկիզբը։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։

Իհարկե, գիտական բոլոր ենթադրությունները ժամանակավոր են ու պայմանական։ Մենք կարող ենք միանգամայն ակնկալել, որ բոլորովին նոր տեսություններ ի հայտ կգան, որոնք կփորձեն խուսափել տիեզերքի սկիզբ ունենալու գաղափարից։ Նման առաջարկությունները պետք է ողջունել ու փորձարկել։ Այնուամենայնիվ, արդեն հստակ է, թե որ ուղղությամբ են փաստերն ուղղորդում։ Այսօր Ղազալիի տիեզերաբանական փաստարկների յուրաքանչյուր կողմնակից կարող է հանգիստ գործունեություն ծավալել գիտական ոլորտներում՝ համոզված լինելով տիեզերքի սկիզբ ունենալու փաստի վրա։

Երկրորդ գիտական վավերացում

Չբավարարվելով միայն նախորդ փաստերով՝ ասենք, որ կա ևս մեկ՝ տիեզերքի սկիզբ ունենալու գիտական ապացույց, որը ծագում է Թերմոդինամիկայի երկրորդ օրենքից։ Երկրորդ օրենքի համաձայն՝ մինչև համակարգի մեջ էներգիա չմատակարարվի, այդ համակարգում միանգամայն անկանոնակարգվածություն կտիրի։

Արդեն 19-րդ դարում գիտնականները եկան այն եզրակացության, որ Երկրորդ օրենքը կանխատեսում էր տիեզերքի ոչ վառ ապագան։ Որոշ ժամանակ անց տիեզերքում եղած ողջ էներգիան հավասարապես կբաշխվի տիեզերքով մեկ։ Տիեզերքը կդառնա զանազան օբյեկտներով լի մի համակարգ, որում կյանքի գոյությունն անհնար կլինի։ Երբ տիեզերքը հասնի այս կարգավիճակին, հետագա այլ փոփոխություններ այլևս տիեզերքում չեն կատարվի։ Դա էքվիլիբրիումի (կատարյալ հավասարակշռություն, համասեռություն) կարգավիճակ կլինի։ Գիտնականները սա կոչում են տիեզերքի «ջերմային մահ»։

Սակայն այս ոչ ցանկալի կանխատեսումը մեկ այլ գլուխկոտրուկ է առաջացնում։ Եթե համապատասխան ժամանակի ընթացքում տիեզերքն անխուսափելիորեն կանշարժանա ջերմային մահվան արդյունքում, ապա ինչո՞ւ, եթե այն հավերժ գոյություն է ունեցել, այժմ ջերմային մահվան փուլում չէ։ Եթե տիեզերքին որոշակի, վերջավոր թվով ժամանակ է հարկավոր Էքվիլիբրիումի հասնելու համար, ապա հաշվի առնելով, որ անցյալում իբր անսահման է եղել ժամանակը, այն պետք ՝ արդեն էքվիլիբրիումի կարգավիճակում լիներ։ Բայց սա այդպես չէ։ Մենք այժմ անհավասարակշռության վիճակում ենք, որտեղ բավականաչափ էներգիա կա գործածելու, իսկ տիեզերքը կանոնակարգված կառուցվածք ունի։

19-րդ դարում գերմանացի ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանն առաջարկեց այս խնդրին մի համարձակ լուծում տալ։ Բոլցմանն ասում էր, որ, միգուցե, տիեզերքն արդեն փաստացի գտնվում է ընդհանուր էքվիլիբրիումի, համասեռության կարգավիճակում։ Այնուամենայնիվ, միայն շատ պատահական կերպով հնարավոր է, որ այսուայնտեղ առաջանան ավելի կանոնակարգված անհավասարակշռության գոտիներ։ Բոլցմանն անհավասարակշռության մեջ գտնվող այս առանձնացված շրջանները կոչում է «աշխարհներ»։ Մեր տիեզերքն այդ աշխարհներից մեկն է։ Սակայն, աստիճանաբար, երկրորդ օրենքի համաձայն, այն մի օր կտարրալուծվի ընդհանուր էքվիլիբրիումի կարգավիճակի մեջ։

Այժմյան ֆիզիկոսները միանշանակ հերքում են Բոլցմանի համարձակ «Շատ աշխարհների Հիպոթեզը» որպես տիեզերքի դիտարկելի անհամասեռության բացատրություն։ Իր ամենամեծ սխալն այն է, որ եթե մեր աշխարհը ընդհանուր էքվիլիբրիումի մեջ պատահական շեղում է, ապա մենք պետք է դիտարկեինք շատ փոքր շեղման կարգավիճակ։ Ինչո՞ւ։ Քանի որ էքվիլիբրիումի փոքր տատանումը, շեղումը շատ ավելի հավանական է, քան այն հսկայական, կայուն շեղումը, որն անհրաժեշտ է այսպիսի դիտարկելի տիեզերքի գոյության համար, մինչդեռ մարդկության գոյության համար մի փոքր շեղումն էլ բավական կլիներ։ Օրինակ՝ եթե շեղման արդյունքում գոյություն ունենար միայն մեր արևային համակարգը, ապա մարդկության գոյության համար այն բավարար կլիներ, ինչն ավելի հավանական է, քան այն շեղումը, որ դիտարկում ենք ողջ տիեզերքում ու գալակտիկաներում։

Փաստորեն Բոլցմանի հիպոթեզը, եթե ընդունենք որպես փաստ, ապա կստացվի, որ մենք տարօրինակ իլյուզիայի մեջ ենք․ ամենայն հավանականությամբ մենք երևի ապրում ենք շատ փոքր աշխարհում, իսկ այն աստղերն ու մոլորակները, որոնք դիտարկում ենք, միայն պատրանք են, պարզապես երկնային պատկերներ են։  Քանի որ նմանատիպ աշխարհի գոյությունն ավելի հավանական է, քան այն տիեզերքի, որն, ի հակադրություն Թերմոդինամիկայի երկրորդ օրենքի, Էքվիլիբրիումից միլիրարդավոր տարիների ընթացքում հեռացել է ու ձևավորել այն տիեզերքը, որն այսօր ուսումնասիրում ենք։

1920-ականներին տիեզերքի ընդլայնման բացահայտումը ձևափոխեց Երկրորդ օրենքի հիման վրա ենթադրված ջերմային մահվան տեսությունը, սակայն չփոխեց ֆունդամենտալ խնդիրը։ Վերջերս կատարված բացահայտումները մատնանշում են, որ տիեզերքի ընդլայնումն իրականում արագանում է։ Քանի որ տարածության ծավալն աննկարագրելի արագությամբ մեծանում է, տիեզերքն ավելի ու ավելի է հեռանում էքիվիլիբրիումի կարգավիճակին հասնելուց, որի դեպքում նյութն ու էներգիան հավասարապես պետք է բաշխվեին։ Սակայն տիեզերքի ընդլայնման արագությունը միայն ավելի ու ավելի է հեռացնում մեզ էքվիլիբրիումից։ Այժմ տիեզերքի տարբեր շրջաններ տարածության մեջ միմյանցից հեռվանում ու առանձնանում են, իսկ յուրաքանչյուր նմանատիպ դատարկված շրջան դառնում է մութ, ցուրտ, նոսրացված ու մեռած։ Այսպիսով, կրկին, ինչո՞ւ տիեզերքի այն հատվածը, որում գտնվում ենք, այդպիսի վիճակում չի գտնվում, եթե տիեզերքն արդեն անցյալում հավերժ գոյություն է ունեցել։

Այս ամենից ակնհայտորեն կարող ենք ենթադրել, որ խնդիրը սխալ ենթադրությունների վրա է կառուցված՝ իբր տիեզերքը միշտ գոյություն է ունեցել։ Այսօր ֆիզիկոսների մեծ մասն ասում են, որ նյութն ու էներգիան պարզապես ներմուծվել են տիեզերքի մեջ որպես նախապայմաններ, իսկ տիեզերքը սկսել է հետևել Երկրորդ օրենքի պահանջներին հենց սկզբից՝ որոշակի ժամանակ առաջ։

Իհարկե, բազում փորձեր են արվել, որպեսզի խույս տան Թերմոդինամիկայի Երկրորդ օրենքի հիման վրա կառուցված տիեզերքի սկիզբ ունենալու տեսությունից։ Սակայն այդ փորձերից ոչ մեկը հաջողություն չի ունեցել։ Սկեպտիկները հույս են տածել, որ քվանտային ձգողականության տեսությունը կօգնի խուսափել այն գիտական հետևանքներից, որոնք բխում են Թերմոդինամիկայի Երկրորդ  օրենքից։ Սակայն 2013 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի տիեզերագետ Արոն Վոլը կարողացավ ձևակերպել սինգյուլարության մի նոր թեորեմ, որը, կարծես թե, փակում է կասկածի բոլոր դռները։ Վոլը ցույց է տալիս, որ, հաշվի առնելով քվանտային ֆիզիկայում Թերմոդինամիկայի Երկրորդ, ընդհանրացված օրենքի հիմնավորված լինելու փաստը, տիեզերքը պետք է որ մի ինչ-որ ժամանակահատվածում սկսի գոյություն ունենալ, իսկ այս պնդումը ճիշտ կմնա այնքան ժամանակ, մինչև որևէ մեկը կարողանա իրապես ետ տալ ժամանակի սլաքն, ինչն իր հերթին, ինչպես նա է ճշմարտացիորեն նկատում, կրկին ժամանակի մեջ ներառում է թերմոդինամիկ սկիզբ, որը «կբարձրացնի նույն փիլիսոփայական հարցերը, որոնք ի հայտ են գալիս աշխարհի ծագման վերաբերյալ բոլոր տեսություններում» [5]։ Վոլը զեկուցում է, որ իր հետևությունները պահանջում են միայն որոշակի ֆունդամենտալ գաղափարների հաստատում, որպեսզի «տրամաբանական լինի հավատալ, որ այդ հետևությունները արմատավորված են քվանտային ձգողականության ամբողջական տեսության մեջ»։

Կրկին հանգում ենք այն եզրակացության, որ գիտական ապացույցները վավերացնում են Ղազալիի տիեզերաբանական փաստարկների երկրորդ պնդման ճշմարտացիությունը։

Եզրակացություն

Հետևաբար, հիմնվելով թե՛ փիլիսոփայական, թե՛ գիտական փաստարկների վրա, մենք ձեռքի տակ ունենք բավականին լավ հիմքեր, որպեսզի հավատանք տիեզերքի սկիզբ ունենալու գաղափարին։ Սրանից հետևում է, որ տիեզերքն իր սկզբի համար պարտական է մի որևէ պատճառի, որի հետևանքով այս սկսել է գոյություն ունենալ։

Ինչպիսի՞ հատկություններ պետք է ունենա այդ պատճառը։ Այդ պատճառն ինքնին պետք է լինի առանց պատճառի, քանի որ արդեն տեսանք, որ պատճառների անվերջության շարքի գոյություն հնարավոր չէ։ Հետևաբար այդ պատճառն Անպատճառ Առաջին Պատճառն է։ Այն պետք է վեր լինի տարածությունից ու ժամանակից, քանի որ հենց դա է ստեղծել տարածությունն ու ժամանակը։ Հետևաբար, այն պետք է լինի աննյութ ու ոչ ֆիզիկական բնույթի։ Այն պետք է աննկարագրելիորեն զորավոր լինի, քանի որ հենց ինքն է ստեղծել նյութն ու էներգիան։

Ի վերջո, Ղազալին պնդում էր, որ այս Անպատճառ Առաջին Պատճառը պետք է անձնավորված լինի։ Սա է միակ ճանապարհը, որը բացատրում է, թե ինչպես կարող է մի հավիտենական պատճառը ստեղծել այնպիսի հետևանք, ինչպիսինն է տիեզերքի ծագումը։

Ահա,՛ թե որն է խնդիրը։ Եթե պատճառը բավական է, որպեսզի հետևանք ստեղծի, հետևաբար եթե պատճառը ներկա է, ապա հետևանքը նույնպես առկա է։ Օրինակ՝ ջրի սառցակալման պատճառը ջերմաստիճանի 00C-ից ցածր լինելն է։ Եթե ջերմաստիճանը հավիտյանս լիներ այդ ցուցիչի վրա, ապա ջրային ողջ պաշարները հավիտյանս սառցակալված կլինեին։ Անհնար կլիներ ջրի համար սկսել սառցակալման գործընթացը միայն մի որոշակի, վերջավոր ժամանակահատված առաջ։ Այժմ տիեզերքի պատճառը մշտապես գոյություն ունի, քանի որ այն անժամանակ է։ Ապա ինչո՞ւ տիեզերքը նույնպես մշտապես գոյություն չի ունեցել։ Ինչո՞ւ տիեզերքը ի հայտ եկավ միայն  14 միլիարդ տարի առաջ։ Ինչո՞ւ այն իր պատճառի պես հավիտենական չէ։

Ղազալին հաստատում էր, որ այս խնդրի պատասխանն այն է, որ Առաջին Պատճառը պետք է անձնավորված կերպար լինի, որը դրսևորում է ազատ կամք։ Իր՝ տիեզերքի ստեղծելն իր ազատ կամքի գործադրում է եղել, որը կախված չի եղել կանխորոշիչ պայմաններից։ Իր արարչագործությունը եղել է ինքնաբուխ ու ինչ-որ մի նոր բան։ Կամքի ազատությունը հնարավորություն է տալիս ժամանակից դուրս, մշտագո Պատճառին սկիզբ ունեցող հետևանք արարել։ Հետևաբար, մենք հանգում ենք տիեզերքի ոչ միայն մշտագո, տրանսցենդենտ Պատճառի գոյությանը, այլև՝ իր Անձնական Ստեղծողին։

Ընդունում ենք, որ այս ամենն ըմբռնելը հեշտ չէ։ Այդ ամենը հասկանալու ձևերից մեկն այն է, որ մտովի պատկերացնենք Աստծուն՝ որպես տիեզերքից ու ժամանակից դուրս եղող անփոփոխ գոյություն։ Իր արարչագործության անկախ ցանկությունը ժամանակի մեջ սահմանափակված իրադարձություն է, որն իրագործվել է տիեզերքի առաջացմամբ։ Հետևաբար, Աստված, երբ ստեղծում է տիեզերքը, մտնում է ժամանակի մեջ։ Հետևաբար, առանց տիեզերքի Աստված անժամանակ է, իսկ տիեզերքի մեջ Նա մտնում է ժամանակի մեջ։

Ղազալիի տիեզերաբանական փաստարկներն, այսպիսով, մեզ ուժեղ հիմքեր է տալիս, որ հավատանք անսկիզբ, անպատճառ, անժամանակ, անտարածություն, անփոփոխ, աննյութ, աննկարագրելի զորավոր, տիեզերքը ստեղծողին՝ Անձնային բնույթ ունեցող Արարչին։

  • [1]  Ալ-Ղազալի, Քիթաբ Ալ-իկտիսադ ֆի լը-իտիկադ («Աստվածաբանության միջին ուղի»), քաղված է Ֆրանսիայի Արևելյան հնագիտության ինստիտուտի Տեղեկագիր 46-ից, (1947), 203։
  • [2] Քրիստոֆոր Իշամ, «Տիեզերքի ստեղծումը որպես քվանտային գործընթաց» էջ՝ 378։
  • [3] Օդրի Միթանի և Ալեքսանդր Վիլենկին, «Տիեզերքը սկիզբ ունե՞ր», արխիվ՝ arXiv:1204.4658v1 [hep-th],  20 Ապրիլի 2012, էջ՝ 5. Տե՛ս՝ http://www.youtube.com/watch?v=NXCQelhKJ7A , որտեղ Վիլենկինը եզրակացնում է, որ «այժմ չկան այնպիսի տեսություններ, որոնք առաջարկում են առանց սկիզբ տիեզերքի հիմնավոր մոդելներ»։
  • [4] Ա․ Վիլենկին, քաղված է Լիզա Գրոսմանի «Ինչո՞ւ ֆիզիկոսները չեն կարող խուսափել արարչագործությունից» հոդվածից, Նոր Գիտնական (Հունվարի 11, 2012)։
  • [5]

Արոն Վոլ, «Ընդհանրացված Երկրորդ օրենքը ենթադրում է քվանտային սինգյուլարության թեորեմ», Արխիվ՝ 1010.5513v3 [gr-qc] 24 (Հունվար 2013), էջ՝ 38։