bird bird bird

Չարի գոյության հիմնախնդիրը

Ուիլիյամ Լեյն Քրեյգ

    

Համառոտ

Այս հոդվածում քննարկվում են Աստծո գոյության դեմ ուղղված հավանական փաստարկները՝ տառապանքի ու չարիքի տեսանկյունից։

Չարի գոյության խնդիրն, անշուշտ, Աստծո գոյությանը հավատալու ամենամեծ խոչընդոտն է։ Երբ սկսում եմ խորհել աշխարհում եղած տառապանքի լայնության ու խորության շուրջ, անկախ նրանից՝ դրանք մարդկանց կողմից կատարված անմարդկային գործողություններ են, թե՝ բնական աղետներ, ապա պետք է խոստովանեմ, որ ես էլ եմ սկսում դժվարությամբ հավատալ Աստծո գոյությանը։ Անկասկա՛ծ, շատերդ եք նույնը զգացել։ Ի՞նչ է՝ ամենքս աթեիստներ պետք է դառնանք։

Սակայն դա շատ լուրջ որոշում է։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Աստված գոյություն չունի։ Իսկ միգուցե կա՞ պատճառ, որ Աստված չի արգելում չարի գոյությունն աշխարհում։ Միգուցե դրա գոյությունն ինչ-որ կերպ իր բացատրությունն ունի՞, որի շուրջ մենք կարող ենք միայն դժկամորեն ենթադրություններ անել։ Ինչպե՞ս իմանանք։

Որպես քրիստոնյա թեիստ՝ ես համոզված եմ, որ, որքան էլ սարսափելի թվա, չարի գոյության փաստը վերջնական արդյունքում չի հերքում Աստծո գոյությունը։ Ընդհակառակը, իրականում, կարծում եմ, չարի գոյության խնդիրը լուծելու հարցում քրիստոնեական թեիզմը մարդու լավագույն հույսն է։

Որպեսզի բացատրեմ, թե ինչու եմ այսպես մտածում, սկզբի համար օգտակար կլինի որոշ պարզաբանումներ անել։ Նախ՝ մենք պետք է տարանջատենք չարի գոյության զգացմունքային մակարդակի խնդիրը գիտակցական մակարդակի խնդրից։ Չարի գոյության գիտակցական, ինտելեկտուալ խնդիրը փորձում է ռացիոնալ, տրամաբանական բացատրություն տալ այն հարցին, թե ինչպես կարող են Աստված ու չարը միաժամանակ գոյություն ունենալ։ Իսկ զգացմունքային խնդիրը փորձում է հարթել տառապանք թույլ տվող Աստծո դեմ եղած բացասական հույզերը։

Այժմ եկե՛ք դիտարկենք չարի գոյության գիտակցական, ինտելեկտուալ խնդիրը։ Այս խնդիրը բաժանվում է երկու մասի՝ չարի գոյության տրամաբանական խնդրի և չարի գոյության հավանական խնդրի։

Ըստ չարի գոյության տրամաբանական խնդրի՝ Աստծո և չարի համաժամանակ գոյությունը տրամաբանորեն անհնար է։ Եթե Աստված գոյություն ունի, ապա չարը չի կարող գոյություն ունենալ։ Եթե չարը գոյություն ունի, ապա Աստված գոյություն ունենալ չի կարող։ Քանի որ չարը գոյություն ունի, ապա ենթադրում ենք, որ Աստված գոյություն չունի։

Սակայն այս պնդման խնդիրն այն է, որ մենք որևէ պատճառ չունենք՝ կարծելու, թե Աստված ու չարը տրամաբանորեն անհամատեղելի են։ Այս երկու գոյությունների միջև չկա որևէ բացահայտ հակասություն։ Իսկ եթե մի որևէ աթեիստ նկատի ունի, որ Աստծո ու չարի գոյության միջև կա ենթադրյալ հակասություն, ապա, ամենայն հավանականությամբ, նրա մտքում որոշակի ենթադրություններ ունի, որոնք էլ առաջ են բերում ենթադրյալ հակասություններ։ Սակայն դեռևս ոչ մի փիլիսոփայական ուղղություն երբևէ չի առանձնացրել նմանատիպ հակասություններ։ Հետևաբար, չարի գիտակցական խնդիրը չի կարող ապացուցել, որ Աստծո ու չարի միաժամանակյա գոյության հետ կապված կան անհամապատասխանություններ։

Բայց, ավելին՝ մենք կարող ենք ապացուցել, որ Աստծո ու չարի միաժամանակյա գոյությունը տրամաբանորեն համատեղելի է։ Աթեիստները ենթադրում են, որ Աստված չի կարող բարոյապես ունենալ հիմնավոր ու բավարար պատճառներ, որպեսզի թույլ տա չարի գոյությունն աշխարհում։ Սակայն այս եզրահանգումը ճիշտ չէ։ Ընդհակառակը, նույնիսկ հնարավոր է ապացուցել, որ Աստված բարոյապես բավականաչափ պատճառներ ունի չարի գոյությունը թույլատրելու համար, հետևաբար՝ Աստծո ու չարի գոյությունը միմյանց չեն հակասում։ Եվ, իրապես, սա տրամաբանության մակարդակի վրա առնվազն հնարավոր է թվում։ Հետևաբար, ինձ համար մեծ հաճույք է ձեզ տեղեկացնել, որ ժամանակակից փիլիսոփաները հիմնականում համաձայնում են, որ տրամաբանության մակարդակի վրա չարի գոյության խնդիր կամ հակասություն չունենք։ Աստծո ու չարի համաժամանակյա գոյությունը տրամաբանորեն հնարավոր է։

Սակայն մենք դեռևս մութ անտառից դուրս չենք եկել։ Այժմ չարի գոյության հավանական խնդրին պետք է առերեսվել։ Ըստ այս տեսության՝ Աստծո և չարի համաժամանակ գոյությունը տրամաբանորեն հնարավոր է, սակայն, այնուամենայնիվ, այն չափից դուրս անհավանական է։ Այս աշխարհում եղած չարության մասշտաբներն այնքան մեծ են, որ անհավանական է, որ Աստված կարող էր բարոյապես բավարար պատճառներ ունենալ դրանք թույլատրելու համար։ Հետևաբար՝ հաշվի առնելով աշխարհում եղած չարությունը, անհավանական է, որ Աստված գոյություն ունի։  

Սա շատ ավելի մեծ ու կարևոր փաստարկ է, այդ իսկ պատճառով էլ ցանկանում եմ մանրակրկիտ ուշադրություն դարձնել այս հարցի վրա։ Չարի գոյության այս խնդրին անդրադառնալով՝ ուզում եմ երեք հիմնական կետեր առանձնացնել․

1. Մենք՝ մարդիկս, այդքան էլ լավ դիքրում չենք, որպեսզի գնահատական տանք այն հավանականությունը, թե արդյոք Աստված բարոյապես բավարար պատճառներ ունի տեղի ունեցող չարիքը թույլատրելու համար։ Որպես մահկանացու անձինք՝ մենք սահմանափակ ենք ժամանակի, տարածության ու հասկացողության մեջ։ Սակայն մշտագո ու ամենակարող Աստված վերջը հենց սկզբից տեսնում է և նախասահմանում պատմությունն այնպես, որ վերջնական արդյունքում իր ծրագրերը կատարվում են մարդկանց՝ ազատ կամքի շնորհիվ կայացրած որոշումների միջոցով։ Աստված նույնիսկ կարող է գործածել չարի գոյության փաստն իր ծրագրերն իրականացնելու համար։ Մեր սահմանափակ մտահորիզոնի սահմաններում անիմաստ թվացող չարիքը միգուցե արդարացիորեն թույլատրելի լինի Աստծո ավելի լայն՝ ամենագիտության մակարդակում։ Գիտնականները գիտության զարգացող ճյուղերից մեկից՝ Քաոսի տեսությունից վերցնելով մի օրինակ՝ բացահայտել են, որ որոշակի մակրոսկոպիկ համակարգեր, ինչպիսիք են եղանակը կամ միջատների պոպուլյացիան, չափազանց զգայուն են նույնիսկ ամենափոքր խառնաշփոթի ու անկանոնակարգվածության նկատմամբ։ Արևմտյան Աֆրիկայում թևերը թափահարող թիթեռը  կարող է շարժման մեջ դնել այնպիսի ուժեր, որոնք ընդլայնվելով կարող են փոթորիկ առաջացնել Ատլանտյան օվկիանոսում։ Սակայն սկզբունքայնորեն անհնար է կանխատեսել նման արդյունք հենց այդ թիթեռի թպրտոցները դիտարկելիս։ Անմեղ մարդու սարսափելի սպանությունը կամ լեյկոզից մահացող երեխայի դեպքը կարող են պատմության մեջ այնպիսի ալիքային էֆֆեկտ առաջացնել, որ միայն դարեր անց կամ այլ մայրցամաքում Աստծո՝ դա թույլատրելու հիմնավոր պատճառները ի հայտ գան։ Երբ խորհում ենք, թե ինչպես է Աստված խառնվում պատմության ընթացքին, կարծում եմ՝ կարող ենք տեսնել, թե որքան անհույս է մեզ նման սահմանափակ դիտարկողներիս համար կասկածել Աստծո՝ չարիք թույլատրելու բարոյապես հիմնավորված պատճառների վրա։ Մենք պարզապես ճիշտ դիրքում չենք, որպեսզի նմանատիպ գնահատականներ տանք։

 

2. Քրիստոնեական հավատքը ներառում է վարդապետություններ ու համոզմունքներ, որոնք մեծացնում են Աստծո և չարի միաժամանակյա գոյության հավանականությունը։ Այսպես ասած՝ այս վարդապետությունները նվազեցնում են Աստծո գոյության անհավանականությունը չարի գոյության տեսանկյունից։ Իսկ որո՞նք են այդ համոզմունքները։ Եկե՛ք հիշատակեմ դրանցից չորսը․

 

ա. Կյանքի գլխավոր նպատակը ոչ թե երջանկությունն է, այլ՝ Աստծուն ճանաչելը։ Պատճառներից մեկը, որը չարի խնդիրն այդքան շփոթեցնող է դարձնում, այն է, որ մենք հակված ենք մտածելու, որ եթե Աստված գոյություն ունի, ապա իր նպատակը մեզ՝ մարդկության համար երջանկություն ապահովելն է։ Կարծես թե՝ Աստծո նպատակն իր տնային կենդանիների՝ մարդկանց համար հարմարավետ միջավայր ստեղծելն է։ Սակայն քրիստոնեական տեսանկյունից սա սխալ է։ Մենք Աստծո սիրելի կենդանիները չենք, իսկ աշխարհում մարդու գոյության նպատակը ոչ թե երջանկությունն է, այլ՝ աստվածճանաչողությունը, որի վերջնական արդյունքը իրական ու մշտական բավարարվածության զգացումն է։ Կյանքում կատարվող բազում չարիքներ, եթե այս աշխարհում մարդու երջանկության հասնելու գաղափարային տեսանկյունից անհեթեթ են, աստվածճանաչության տեսանկյունից անիմաստ ու անարդար չեն։ Մարդկային անմեղ տառապանքներն առիթ են հանդիսանում, որ ավելի խորությամբ վստահենք Աստծուն ու կախված լինենք իրենից․ սա վերաբերում է թե՛ տառապյալին, թե՛ իրեն շրջապատող մարդկանց։ Իհարկե՛, Աստծո այդ նպատակը մեր տառապանքի միջոցով կիրականանա, թե՝ ոչ, կախված է մեր արձագանքից։ Արդյո՞ք բարկությամբ ու դառնությամբ ենք պատասխանում Աստծուն, թե հավատքով Իրեն ենք դիմո՞ւմ, որպեզի դիմակայելու ուժ ստանանք։

 

բ. Մարդկությունն Աստծո ու Իր նպատակների դեմ ապստամբության մեջ է։ Աստծուն հնազանդվելու ու երկրպագելու փոխարեն մարդիկ ըմբոստանում են Աստծո դեմ ու ընտրում այլ ճանապարհներ՝ հայտնվելով Աստծուց հեռու կարգավիճակում, խարխափելով խավարի մեջ ու հետևելով իրենց հորինած սխալ աստվածներին, բարոյապես մեղավոր Իր առաջ ։ Աշխարհում կատարվող սարսափելի չարիքները վկայում են միայն այն միասին, որ հոգեպես Աստծուց հեռանալով՝ մարդկությունը չարացել է ու ապականվել։ Աշխարհում կատարվող չարիքները չեն զարմացնում քրիստոնյաներին, ընդհակառակը, նրանք այդպես էլ ակնկալում են։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդկությանը մատնել է այն մեղքերին, որոնք հենց իրենք՝ մարդիկ են ընտրում, Նա չի խառնվում՝ դադարեցնելու համար, այլ թույլ է տալիս, որ մարդկային չարությունն իր գործն անի։ Այդ իսկ պատճառով էլ Աստծո առաջ մեր բարոյական արժեքները պահելու պատասխանատվությունը մեծանում է, թեև միևնույն ժամանակ մեծանում են մեր չարագործության մասշտաբներն և ներվելու ու բարոյական մաքրության հասնելու կարիքը։

 

գ. Աստվածճանաչությունը շարունակվելու է հավիտենական կյանքում։ Ըստ քրիստոնեության՝ կյանքն այսքանով չի ավարտվում։ Հիսուսը հավիտենական կյանք խոստացավ բոլոր նրանց, ովքեր կվստահեն Իրեն՝ որպես իրենց Փրկչի ու Տիրոջ։ Մահից հետո Աստված անասելի ուրախությամբ լի հավիտենական կյանք կպարգևի նրանց, ովքեր իրենց տառապանքն ու դժվարությունները խիզախորեն ու վստահությամբ կրել են այս կյանքում։ Նոր Կտակարանի թղթերի մեծ մասի հեղինակի՝ Պողոս Առաքյալի կյանքն անհավատալի չարչարանքներով էր ուղեկցվում։ Մինչդեռ նա գրում է․ «Ուստի չենք թուլանում բնավ։ Եթե նույնիսկ մարմնապես հետզհետե քայքայվում ենք, ներքնապես նորոգվում ենք օրեցօր։ Ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ 18 Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականության վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները՝ հավիտենական» (Բ Կորնթ․ 4․16-18)։ Պողոսը, կարծես, կշեռքի մի նժարին դնում է այս կյանքում կրած իր բոլոր տառապանքները, իսկ մյուս նժարին դնում է այն փառքը, որ երկնքում Աստված է շնորհելու իր զավակներին։ Փառքի ծանրությունն այնքան երանելի է, որ ներկայիս տառապանքները դրա հետ համեմատել չենք էլ կարող։ Ավելին, որքան երկար ժամանակ անցկացնենք հավիտենության մեջ, այդքան այս կյանքի տառապանքները չնչին արժեք կունենան մեր հիշողություններում։ Ահա թե ինչու Պողոսը դրանք համարում էր «թեթև ու ժամանակավոր նեղություն»․ դրանք աննշան կլինեն աստվածային հավիտենության ու ուրախության օվկիանի մեջ, որոնք Աստված իրապես շռայլում է Իրեն հավատացողներին։

դ․ Աստվածճանաչությունն աննկարագրելի ու անփոխարինելի լավ երևույթ է։ Աստծուն՝ անսահման բարության ու սիրո աղբյուրին ճանաչելն անհամեմատելի երանությունը․ այն մարդկային գոյության իմաստի բավարարումն է։ Այս կյանքի տառապանքները չեն կարող համեմատվել սրա հետ։ Այն մարդը, որը ճանաչում է Աստծուն, անկախ նրանից, թե ինչ չարչարանքների միջով է անցնում, թե որքան խորն է իր ցավը, դեռևս կարող է ասել․ «Աստված բարի է իմ հանդեպ»՝ միայն այն փաստի շնորհիվ, որ ճանաչում է Աստծուն՝ անսահման բարության աղբյուրին։

Այս քրիստոնեական չորս համոզմունքները բավականաչափ ապացուցում են, որ չարի պատճառով Աստծո գոյությունը կասկածի տակ դնելն անհավանական է։

 

3. Հաշվի առնելով ապացույցների ամբողջական ծավալը՝ Աստծո գոյությունը հավանական փաստ է։ Հավանականություններն, առհասարակ, վավերացվում են՝ ըստ մեր ձեռքի տակ եղած տեղեկատվությունների։ Ենթադրենք, որ Ջոնը Կոլորադոյի համալսարանի ուսանող է։ Այժմ ենթադրենք՝ մեզ տեղեկացնում են, որ Կոլորադոյի համալսարանի ուսանողների 95%-ը դահուկ է քշում։ Ըստ այս տեղեկատվության՝ ամենայն հավանականությամբ Ջոնը դահուկ է քշում։ Հետո, ենթադրենք՝ մեզ ասում են, որ Ջոնի ոտքն անդամահատված է, իսկ Կոլորադոյի համալսարանի անդամահատված ուսանողների 95%-ը դահուկ չի քշում։ Հանկարծ Ջոնի դահուկ քշելու հավանականությունը կտրուկ նվազում է։

Նմանապես, եթե միայն վերցնենք այն տեղեկատվություններն ու փաստերը, որոնք առնչվում են աշխարհում կատարվող չարիքին, ապա այդքան էլ զարմանալի չէ, որ Աստծո գոյությունը տեղեկատվությունների այդ ծավալում անհավանական թվա։ Բայց իրական հարցը սրանում չէ։ Իրական հարցն այն է, թե արդյո՞ք Աստծո գոյությունը հնարավոր է մեր ունեցած ողջ տեղեկատվության շրջանակում։ Ես համոզված եմ, որ եթե համադրենք մեզ հասանալի բոլոր փաստերը, ապա Աստծո գոյությունը միանգամայն հավանական կդառնա։ Թույլ տվե՛ք երեք հիմնավոր փաստ ներկայացնել․

 

ա. Աստծո գոյությունը լավագույնս ապացուցում է, թե ինչու տիեզերքը գոյություն ունի ոչնչի փոխարեն։ Ինքդ քեզ հարցրե՞լ ես, թե ինչու այս ամենը գոյություն ունի։ Որտեղի՞ց է այս ամենը ծագել։ Աթեիստները մեծամասամբ պնդել են, որ տիեզերքը հավերժ է ու գոյություն ունի առանց պատճառի։ Սակայն վերջին 80 տարիների ընթացքում աստղաֆիզիկայի ու աստղագիտության բացահայտումները անհնարին են դարձնում այս տեսակետը։ Ըստ տիեզերքի ծագման Մեծ Պայթյունի տեսության՝ամբողջ նյութն ու էներգիան, ֆիզիկական տարածությունն ու ժամանակը ի հայտ են եկել 13․8 միլիարդ տարի առաջ, իսկ այդ պայթյունից առաջ տիեզերքը պարզապես գոյություն չի ունեցել։ Հետևաբար, ըստ Մեծ Պայթյունի մոդելի՝ տիեզերքը ստեղծվել է ոչնչից։

Իսկ այս փաստը ամաչեցնում է աթեիստներին։ Աթեիստ փիլիսոփա Քվենտին Սմիթը գրում է․  «Աթեիստների ու ագնոստիկների պատասխաններն այս զարգացումների ու բացահայտումների շրջանակներում համեմատաբար շատ թույլ են՝ գրեթե անընդունելի։ Մի անհարմար լռություն է իշխում, երբ այս հարցերը բարձրացնում ենք անհավատների շրջանում․․․ Ոչ թեիստների ամոթի պատճառն այդքան էլ դժվար չէ գտնել։ Անթոնի Քեննին ամփոփում է իր պատասխանն այս պնդման մեջ․ «Մեծ Պայթյունի յուրաքանչյուր պաշտպան, եթե նա աթեիստ է, պետք է հավատա, որ տիեզերքի նյութը ծագել է ոչնչից ու ոչնչի կողմից»»։

Քրիստոնյա թեիստի համար այստեղ որևէ խնդիր չկա, քանի որ Մեծ Պայթյունի տեսությունը միայն հաստատում է այն, ինչին ինքը միշտ հավատացել է․ սկզբում Աստված ստեղծել է տիեզերքը։ Իսկ այժմ մնացածը թողնում եմ ձեզ վրա՝ ո՞րն է ավելի հավանական․ այն, որ քրիստոնյա թեիստը ճիշտ է, թե այն, որ տիեզերքը պատահմամբ՝ առանց որևէ պատճառի ու դրդման ուժի ի հայտ է եկել։

 

բ. Տիեզերքի բարդ կառուցվածքի ու համակարգվածության լավագույն բացատրությունն Աստծո գոյությունն է։ Վերջին քառասուն տարիների ընթացքում գիտնականները բացահայտել են, որ բանական կյանքի գոյությունը կախված է Մեծ Պայթյունից առաջացած նախապայմանների բարդ ու մանրակրկիտ հավասարակշռությունից ու ճշգրիտ բաշխումից։ Մենք գիտենք, որ կյանքի գոյությունն արգելող տիեզերական համակարգերի գոյությունն ավելի հավանական է, քան որ գոյություն ունենա կյանքի համար թույլատրելի պայմաններ ունեցող տիեզերք, ինչպիսին՝ մերն է։ Մի՞թե այս հավանականությունը պատահականություն է։  

Որպեսզի տիեզերքն ապահովի մեր կյանքի գոյությունը, ապա հավանականությունների շարքն այնքան փոքր է, իսկ պատահականությունների շարքն՝ այնքան մեծ, որ մարդկային մտքի համար դրանք անըմբռնելի ու անհաշվելի են։ Օրինակ՝ ձգողության ուժի կամ ատոմային թույլ փոխազդեցությունների 1/10100 մասով փոփոխությունը կյանքի գոյությունն այլևս անհնարին կդարձնի։ Այսպես կոչված կոսմոլոգիական հաստատունը՝ «լամբդան», որը տիեզերքի ընդլայնման շարժիչ ուժն է ու պատասխանատու է վերջերս հայտնաբերված տիեզերքի ընդլայնման արագության մեծացման համար, 1/10120-ով ճշգրտորեն կանոնակարգված է ու հաստատված։ Օքսֆորդի ֆիզիկոս Ռոջեր Փենրոզը հաշվարկել է մեր տիեզերքի հատուկ, ցածր էնտրոպիայի պայմանների հավանականությունը, որից կախված է մեր բանական կյանքը, ու տեսել է, որ եթե այն միայն պատահականության արդյունք է, ապա դրա հավանականությունը չնչին է՝ 1/1010(123)։ Փենրոզը գրում է․ «Ես ֆիզիկայում նմանատիպ այլ ճշգրտություն կամ 1/1010(123) ճշգրտությանը թեկուզ մի փոքր մոտ այլ մեծություն հիշել չեմ կարող»։ Կան բազում այլ նմանատիպ մեծություններ ու հաստատուններ, որոնք պետք է այնքան ճշգրիտ արժեքներ ունենան, որպեսզի տիեզերքում կյանքի գոյությունը հնարավոր դարձնեն։ Բայց միայն յուրաքանչյուր հաստատունի կամ մեծության արժեքը չէ, որ պետք է ճշգրտորեն կարգավորված լինի, այլև՝ միմյանց նկատմամբ դրանց հարաբերակցությունը։ Այսպիսով բազմապատկելով մի անհավանականությունը մեկ այլ անհավանականությամբ, իսկ վերջինս էլ իր հերթին մեկ այլ անհավանականությամբ՝ ստանում ենք գլխապտույտ առաջացնող, անըմբռնելի թվեր։

Չկա որևէ ֆիզիկական պատճառ, թե ինչու այս հաստատուններն ու մեծություններն ունեն այն արժեքները, որոնք ունեն։ Մի ժամանակ իրեն ագնոստիկ համարող ֆիզիկոս Փոլ Դեյվիսը գրում է․ «Իմ գիտական գործունեության ընթացքում ես ավելի ու ավելի ուժգին եմ սկսել հավատալ, որ ֆիզիկական տիեզերքը համակարգված է այնպիսի զարմանալի հնարամտությամբ ու իմաստությամբ, որ դա պարզապես «չոր» փաստ համարել չեմ կարող»։ Նմանապես, Ֆրեդ Հոյլն ակնարկում է․ «Փաստերի խելամիտ բացատրությունը ենթադրում է, որ մի ինչ-որ գերբնական ու գերխելացի մեկն ինչպես ուզել, այդպես էլ խաղացել է ֆիզիկայի օրենքների հետ»։ Ռոբերտ Ջասթրոն, ՆԱՍԱ-ի Տիեզերագիտության Գոդդարդ Ինստիտուտի նախկին ղեկավարը, համարում է, որ այս փաստերն, անկասկած, ապացուցում են Աստծո գոյությունը գիտության տեսանկյունից։

Քրիստոնյա թեիստների այն համոզմունքը, որ տիեզերքն ունի բանական նախագծող՝ ճարտարապետ, ավելի խելամիտ է թվում, քան աթեիստական այն տեսակետը, որ տիեզերքը պատահմամբ ի հայտ է եկել՝ առանց պատճառի, առանց միջամտության՝ ոչնչից, ու շատ պատահական կերպով ճշգրտորեն կանոնակարգված է բանական կյանքի գոյության համար։

 

գ. Աշխարհի օբյեկտիվ բարոյական արժեքները։ Եթե Աստված գոյություն չունի, օբյեկտիվ բարոյական արժեքներ լինել չեն կարող։ Ե՛վ թեիստները, և՛ աթեիստներն այս պնդման հետ համաձայնում են։ Օրինակ՝ գիտությունների փիլիսոփա Միքայել Ռուզը բացատրում է՝ «Բարոյական գիտակցությունը ոչ պակաս կենսաբանական հարմարվողականության արդյունք է, ինչպես ձեռքերի, ոտքերի կամ ատամների գոյացումը։ Էթիկան՝ որպես օբյեկտիվ ինչ-որ բանի տրամաբանորեն արդարացված պնդումների համակարգ, պարզապես պատրանք է։ Ես գնահատում եմ, երբ ասում են, որ պետք է սիրել ընկերոջդ այնպես, ինչպես ինքդ քեզ, քանի որ ասողներին թվում է, որ իրենք վեհ ու բարձր մի բան են ակնարկում։ Այնուամենայնիվ, այսպիսի մեջբերումներն իրապես հիմնավորված չեն։ Բարոյականության գիտակցումը միայն օգնում է գոյության պահպանմանն ու վերարտադրությանը։ Իսկ դրան ավելի վեհ իմաստի գոյություն հաղորդելը միայն պատրանք է»։

Ֆրիդրիխ Նիցշեն՝ 19-րդ դարի ամենաականավոր աթեիստը, որ պնդում էր՝ իբր Աստված մահացել է, հասկանում էր, որ Աստծո գոյության ավարտը նշանակում էր կյանքի ամեն արժեքի ու իմաստի կործանում։ Կարծում եմ, որ Նիցշեն ճիշտ էր։

Բայց այստեղ շատ զգույշ պետք է լինել։ Հարցն այստեղ այն չէ, որ մենք պետք է հավատանք Աստծուն, որպեսզի բարոյական կյանքով ապրենք։ Ես չեմ պնդում, որ մենք պետք է այդպես վարվենք։ Հարցը ոչ էլ նրանում է՝ արդյոք հնարավոր է ճանաչել ու ընդունել օբյեկտիվ բարոյական արժեքներն առանց Աստծուն հավատալու։ Կարծում եմ՝ հնարավոր է։

Հարցն այստեղ այլ է։ Եթե Աստված գոյություն չունի, արդյո՞ք բարոյական օբյեկտիվ արժեքներ գոյություն ունեն։ Ինչպես Մաքին ու Ռուզը, որևէ պատճառ չեմ տեսնում մտածելու, որ Աստծո բացակայության դեպքում մարդկային բարոյականության գիտակցումը օբյեկտիվ է։ Ի վերջո, եթե Աստված չկա, ապա ի՞նչն է այդ դեպքում արժևորում մարդ էակին, ի՞նչ կարևորություն ունեն նրանք։ Նրանք բնության մեջ պատահականության արդյունք են, որոնք միայն վերջերս են առաջացել էվոլյուցիայի արդյունքում մի ինչ-որ անվերջ փոքր փոշու հատիկից՝ մոլորված այս անմիտ ու թշնամանքով լի տիեզերքում, և որոնք հարաբերականորեն կարճ ժամանակի ընթացքում անհատապես ու բոլորը միասին մատնված են կորստյան։ Ըստ աթեիստական տեսակետի՝ որոշ գործողություններ, ինչպիսին է բռնաբարությունը, միգուցե սոցիալապես նպաստավոր չեն, և այդ իսկ պատճառով էլ էվոլյուցիայի ընթացքում դարձել են տաբու, բայց որպես այդպիսին, չենք կարող ապացուցել, որ բռնաբարությունն իրականում սխալ է։ Աթեիզմում, բացի սոցիալական հետևանքներից, որևէ այլ բան չի մերժում այն միտքը, որ որևէ մեկին բռնաբարելն միանգամայն սխալ է։ Հետևաբար, առանց Աստծո չկա բացարձակ ճիշտ կամ սխալ, որ կարող է ազդել մեր խղճի ու գիտակցության վրա։

Բայց խնդիրն այն է, որ օբյեկտիվ բարոյական արժեքներ գոյություն ունեն, ու մեր հոգու խորքում ամենքս էլ գիտենք այդ միասին։ Եթե բարոյական արժեքների օբյեկտիվ իրականությունը մերժենք, ապա ստիպված պետք է մերժենք այս ֆիզիկական աշխարհի օբյեկտիվ իրականությունը։ Այնպիսի արարքներն, ինչպիսիք են բռնաբարությունը, կտտանքների ենթարկելը կամ երեխաների հանդեպ բռնությունը, սոցիալապես ոչ միայն անընդունելի վարքագծեր են, այլև բարոյապես զզվանք են առաջացնում։ Որոշ երևույթներ իրոք սխալ են։

Հետևաբար, որքան էլ պարադոքսային է թվում, չարի գոյությունը հիմք է ծառայում Աստծո գոյությունն ապացուցելու համար։ Քանի որ, եթե օբյեկտիվ արժեքներն առանց Աստծո գոյություն չունեն, իսկ օբյեկտիվ՝ համամարդկային արժեքներ գոյություն ունեն, ինչպես ակնհայտ է դառնում չարիքի իրական լինելու փաստից, ապա անխուսափելիորեն հետևում է, որ Աստված գոյություն ունի։ Այսպիսով, թեև մի կողմից չարի գոյությունը հարցականի տակ է դնում Աստծո գոյությունը, ապա առավել խորքային ու հիմնավոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Աստված գոյություն ունի, քանի որ հակառակ դեպքում չարն էլ գոյություն ունենալ չէր կարող։

 

Սրանք միայն Աստծո գոյությունն ապացուցող մի քանի փաստեր էին։ Ականավոր փիլիսոփա Ալվին Պլատինգան ընդլայել է իր աշխատությունների շրջանակը՝ առաջադրելով Աստծո գոյությունն ապացուցող երկու տասնյակից ավելի փաստեր։ Այդ փաստերը կողք-կողքի դնելով ու  համակարգելով՝ հնարավոր է դառնում ապացուցել Աստծո գոյությունն ամբողջությամբ։

Համարելով, որ բերված երեք դրույթները ճիշտ են, ապա չարի գոյությունը չի ազդում քրիստոնեական Աստծո գոյության փաստի վրա, ընդհակառակը, ուսումնասիրով առկա փաստերի ամբողջությունը, Աստծո գոյությունը միանգամայն հավանական է։ Հետևաբար՝ գիտակցության մակարդակի վրա՝ ինտելեկտուալ առումով չարի գոյության խնդիրը չի կարող տապալել Աստծո գոյության հավանականությունը։

 

Սակայն այս կերպով չարի գոյության հուզական խնդրին պատասխանել չենք կարող։ Կարծում եմ, որ շատերը, որոնք մերժում են Աստծուն այս աշխարհում եղած չարիքի պատճառով, ունեն ոչ թե գիտակցության մակարդակի, այլ՝ հուզական խնդիր։ Պարզապես իրենց դուր չի գալիս այն Աստվածը, որը կարող է թույլ տալ, որ իրենք կամ ուրիշները տառապեն, հետևաբար չեն ուզում գործ ունենալ Նրա հետ։ Իրենց աթեիզմը միայն մերժում է Աստծուն, ոչ թե հերքում Իր գոյությունը։ Իսկ ի՞նչպես այս մարդկանց կարող է պատասխանել քրիստոնեական հավատը։

Քրիստոնեությունն ասում է, որ Աստված հեռավորություն պահող Արարիչ չէ կամ անանձնային մի երևույթ․ Նա սիրող Հայր է, որն անտարբեր չէ մեր տառապանքների ու ցավերի նկատմամբ, Նա մեզ ցանկանում է մեր խնդիրներն Իր վրա վերցնել։ Պրոֆեսոր Պլատինգան այդ մասին այսպես է գրել․ «Ինչպես քրիստոնյան է ընկալում, Աստված պարզապես անգործ, անտարբեր կողքի կանգնած չի դիտում Իր ստեղծած արարածների տառապանքը։ Նա խառնվում է ու Իր վրա է վերցնում մեր տառապանքը։ Նա ինքն է տանջվել՝ տեսնելով իր Որդու՝ Երրորդության երկրորդ անձի չարչարանքները, որոնք ավարտվում են խաչի վրա սարսափելի, դաժան ու ամոթալի մահով․․․ Քրիստոսն ինքը պատրաստակամ էր դիմակայելու նույնիսկ դժոխքի տանջանքներին․․․, որպեսզի հաղթի մեղքին, մահվանն ու այն չարին, որը խեղաթյուրում է մեր աշխարհը, որպեսզի մեզ շնորհի մի կյանք, որն ավելի փառավոր է, քան կարող ենք պատկերացնել։ Նա պատրաստ էր մեր փոխարեն չարչարվելու, ընդունելու այն տառապանքը, որի մասին պատկերացում անգամ չունենք»։

Հասկանո՞ւմ եք, որ Հիսուսն իր վրա վերցրեց այնպիսի տառապանք ու ցավ, որը վեր է մեր հասկացողությունից։ Թեև Նա անմեղ էր, Նա իր սեփական կամքով իր վրա վերցրեց այն պատիժը, որին մենք էին արժանի։ Ինչո՞ւ։ Քանի որ սիրում է մեզ։ Ինչպե՜ս կարող ենք մերժել Նրան, ով ամեն բան թողեց մեզ համար։

Երբ սկսում ենք հասկանալ հանուն մեզ արված Իր զոհի ու սիրո մեծությունը, չարի հիմնախնդիրը բոլորովին այլ կերպ ենք սկսում դիտարկել։ Մենք սկսում ենք պարզ տեսնել, որ չարի գոյության իրական խնդիրը մեր չար լինելու խնդիրն է։ Մեղքով լցված ու բարոյապես մեղավոր Աստծո առաջ՝ մեր հարցը ոչ թե այն պետք է լինի, թե ինչպես պետք է Աստված արդարանա մեր առջև, այլ՝ մենք ինչպես պետք է արդարանանք Իր առջև։ 

Այսպիսով, որքան էլ հակասական է հնչում, թեև չարի գոյության խնդիրն Աստծո գոյության դեմ եղած ամենամեծ առարկությունն է, փաստն այն է, որ չարի գոյության խնդրի միակ լուծումն Աստված է։ Եթե Աստված գոյություն չունի, ապա մենք անհույս կորած ենք այս կյանքում, որը լի է անառիթ ու անելանելի տանջանքներով։ Աստված է միակ ու վերջնական պատասխանը, քանի որ Նա միայն կարող է մեզ ազատել չարից ու տալ հավիտենական ուրախություն ու աննկարագրելի բարություն՝ Իր ընկերակցությամբ։